Մթնոլորտ
Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս,
որի հատակը Երկրի մակերևույթն է: Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը
Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական
գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն,
հելիում, մեթան, կրիպտոն և այլն: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային
գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ: Ենթադրվում է, որ
ժամանակակից մթնոլորտն ունի երկրորդային ծագում, այսինքն՝ այն առաջացել է Երկիր մոլորակի
կազմավորումից հետո՝ նրա կարծր կեղևից անջատված գազերից: Ժամանակի ընթացքում մթնոլորտը
մի քանի գործոնների (հրաբըխային գործունեություն, արեգակնային անդրամանուշակագույն
ճառագայթում, մթնոլորտի և Երկրի կեղևը կազմող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիաներ
և այլն) ազդեցության հետևանքով կրել է զգալի փոփոխություններ: Մթնոլորտի զարգացումը
սերտորեն կապված է երկրաբանական և երկրաքիմիական շարժընթացների, կենդանի օրգանիզմների
գործունեության հետ:Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես մթնոլորտի ստորին
շերտը՝ ներքնոլորտը (տրոպոսֆերա), որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8–17 կմ է:
Այստեղ են կուտակված մթնոլորտի զանգվածի 80%-ը և ջրային գոլորշիները, այս շերտում են
առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը: Ներքնոլորտում, որպես
օրինաչափություն, ըստ բարձրության` յուրաքանչյուր 1 կմ-ի վրա ջերմաստիճանը նվազում
է 5–6օC-ով:Մթնոլորտի հաջորդ շերտը՝ վերնոլորտը (ստրատոսֆերա), հասնում
է մինչև 50–55 կմ բարձրության: Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը՝ մուգ մանուշակագույնից
մինչև գրեթե սև:Հաջորդ շերտը՝ միջնոլորտը (մեզոսֆերա), հասնում է մինչև 80 կմ բարձրության:
Այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր: Դրանք կոչվում են արծաթափայլ
ամպեր և կազմված են սառցի բյուրեղիկներից ու տիեզերական մանրագույն փոշու մասնիկներից: Ջերմոլորտը
(թերմոսֆերա) կամ իոնոլորտը (իոնոսֆերա) հասնում է մինչև 1000 կմ բարձրության: Այնտեղ
օդը չափազանց նոսր է, շատ են գազի առանձին լիցքավորված մասնիկները՝ իոնները: Այդ բարձրությունում
են առաջանում բևեռափայլերը, որի աղեղները ձգվում են արևելքից արևմուտք և երբեմն անցնում
5 հզ. կմ-ից, իսկ երկնքում փայփլում են մի քանի ժամ շարունակ:Մթնոլորտի ամենավերին
շերտն արտաքին ոլորտն է (էկզոսֆերա): Այնտեղ գրեթե օդ չկա: Գիտնականները ենթադրում
են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000օC-ի: Մթնոլորտը
մեր մոլորակի և նրա օրգանական աշխարհի համար ունի չափազանց կարևոր նշանակություն:
Երկրի վրա առանց մթնոլորտի կյանքը չէր առաջանա:Մթնոլորտը Երկրագնդի և նրա աշխարհագրական
թաղանթի ջերմության կարգավորիչն է: Դրա շնորհիվ է, որ Երկրի մակերևույթն Արեգակի ճառագայթներից
ցերեկն ուժեղ չի տաքանում, գիշերն էլ շուտ չի սառչում: Դրա համար էլ մթնոլորտը հաճախ
անվանում են Երկրագնդի վերմակ:Մթնոլորտը Երկրագունդը պաշտպանում է երկնաքարերից, որոնք,
անցնելով մթնոլորտի միջով, շփումից շիկանում են, այրվում և միայն մանր քարերի ու փոշու
ձևով թափվում Երկրի վրա՝ չվնասելով նրան (միայն առանձին դեպքերում են ընկնում մեծ երկնաքարեր,
որոնք մեծ զանգվածի պատճառով չեն հասցնում լրիվ այրվել, և Երկրագնդի վրա առաջանում
են մեծ խառնարաններ): Մթնոլորտի շնորհիվ է, որ տեղի է ունենում ջրի շրջապտույտ, իրականացվում
է կենդանի օրգանիզմների գազափոխանակություն և լուսասինթեզ: Մթնոլորտի գրեթե բոլոր բաղադրիչ
գազերն անարգել թողանցում են արեգակնային ճառագայթումը, սակայն, բարեբախտաբար,
24–30 կմ բարձրության վրա ոչ մեծ քանակությամբ կենտրոնացված է օզոն կոչվող գազի շերտը,
որը և կասեցնում է Արեգակի` կյանքի համար կործանարար անդրամանուշակագույն ճառագայթների
մեծ մասը: Մարդու տնտեսական գործունեության հետևանքով փոխվում է նաև մթնոլորտի
գազային կազմը: Պարզվել է, որ ածխաթթվական գազի պարունակությունն անընդհատ ավելանում
է (վերջին 100 տարում՝ 3–15%-ով), ինչի հետևանքով ուժեղանում է մթնոլորտի ջերմոցային
էֆեկտը, և տեղի է ունենում կլիմայի տաքացում: Ներկայումս դա համամոլորակային լուրջ
վտանգ է, հետևաբար չափազանց կարևոր են արտանետվող գազերի զտումն ու քանակների սահմանափակումը:
Комментариев нет:
Отправить комментарий