Տեառնընդառաջի ծեսը Հայաստանում


Կրակի վրայով թռչում էին հիմնականում երիտասարդներն ու երեխաները: Տեառնընդառաջի տոնը առնչվում է կրակի մաքրագործող զորության հանդեպ ունեցած հավատի հետ: Հեթանոսական կրոնների մեջ մեծ տեղ էր գրավում կրակի պաշտամունքը: Կրակը խորհրդանիշն էր Արևի ու Լույսի, ինչպես նաև ջերմության: Կրակը համարվում էր նվիրական սրբություն: Ընտանեկան բույնը, երդիկը կոչվում է նաև օջախ, ծուխ: Կա մեկ այլ կարծիք, որի համաձայն, Տեառնընդառաջի հրավառությունը վերագրվում է հայոց Տիր, ինչպես նաև Միհր աստծուն: Տիրը, երազների մեկնիչն էր և պաշտպանը դպրության ու արվեստի, իսկ Միհրը մարմնավորում էր կրակի ու լույսի ուժը: Տոնի գլխավոր նպատակն էր կրակի միջոցով ազդել սառնամանիքների վրա և զորացնել արևի ջերմությունը: Հենց այդ օրվանից եղանակը սկսում էր տաքանալ, պատմական Հայքի որոշ վայրերում սկսում էին հողագործական աշխատանքներ:
Տեառնրնդառաջ անունը բացատրվում է Քրիստոսի ծննդյան քառասուներորդ օրը նրան տաճար տանելու փաստի հետ: Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ, որից հետո արգելվում է Լույս զվարթ շարականը: Տոնի նախօրեին երեկոյան ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, քանի որ գարնանամուտ է: Ժամերգության ավարտին մարդիկ եկեղեցում վառվող մոմից վառում են իրենց մոմերը` Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը իրենց հետ տանելով տուն, և հենց այդ կրակով էլ վառում են նաև Տեառնընդառաջի խարույկը: Մանուկ Հիսուսին ընդառաջ եկավ խոր ծերության հասած և տիրոջ գալստյան սպասող Սիմոն Ծերունին, գրկեց մանկանը և գոհություն ու փառք տվեց Աստծուն, որ իրեն արժանի դարձրեց Իսրայելի Փրկչին տեսնելու, այստեղից էլ տոնի անունը Տեառնընդառաջ` տիրոջն ընդառաջ:

Տեառնընդառաջի առաջին ծեսը կրակ վառելն է
Փետրվարի 13-ի երեկոյան ժամերգությունից հետո տեղի է ունենում նախատոնակ, բաժանում են մոմեր և եկեղեցականը վառում է սեղանի վրա դրված մոմերը: Քահանան կարգը կատարելով`իր մոմով առաջինը վառում էր եկեղեցու բակի մեծ կրակը, դրանից հետո մոմերը վառում էին այդ տարի ամուսնացած փեսաները: Այնուհետեւ գլխավոր խարույկի մասնակիցները խանձողներ էին տանում, որ վառեին բակերի խարույկը: Ժամերգությունից հետո հավատացյալները վառում են իրենց մոմերը և տանում տուն: Եկեղեցական արարողությունից հետո, հինավուրց սովորության համաձայն, եկեղեցու բակում կրակ է վառվում: Երիտասարդները վառած մոմերով վերադառնում էին տուն, ուր նախապես արդեն պատրաստված կային փոքրիկ դեզեր, որոնք վառվում էին այդ մոմերով: Փոքրիկ դեզեր, առանց բացառության , պետք է լինեին յուրաքանչյուր տան տանիքի վրա, որպեսզի բախտը տան վրա լիներ: Վառած դեզի վրայով ցատկում էին: Երեկոյան արձակում էին հրացաններ: Խարույկի վրայից ցատկում էին, որպեսզի չվնասվեին գայլ ու գազանից, օձ ու կարիճից, հեռու լինեին ցավ ու չոռից: Խարույկի շուրջը նախ պտտվում էին նորապսակ զույգերը , իսկ կրակի վրայով առաջինը թռչում էր տան ամենատարեց կինը`մամիկը, որպեսզի իր տունը ազատի չարքերից , ապա սկսում էին թռչել երիտասարդներն ու երեխաները: Կրակի մոտ էին բերում նաև հիվանդներին: Եթե չամուսնացած աղջկա շորի ծայրը վառվում էր , ապա նա այդ տարի ամուսնանալու էր: Տեառնընդառաջի կրակը իր հետ բերում էր օդի բարեխառնություն, հունձքի առատություն, արտերի բերրիություն և ամուսինների օրհնություն:

Տեառնընդառաջի ծուխը
Տերընդեզ` դարմանը կես,
Առ հաց ու կես , ելիր գեղես,
Տերընդեզ` մխի դին տես,
Մէ փութ ցանես` հազար քաղես:
Հավաքվածները ուշադիր հետևում էին ծխի ուղղությանը, այն ցույց էր տալիս այդ տարվա առավել բերքառատ ուղին: Ու հենց այդ տարածքում էլ, Ծաղկազարդից հետո երկրագործները աճեցնում էին բերքը: Եթե ծուխը հարավ և արևելք էր թեքվում` այդ տարի հասկը լավ էր լինում, իսկ եթե հյուսիս և արևմուտք` վատ: Իրականում այս երևույթը կապ ունի փետրվարի կեսերին հյուսիսային և հարավային քամիների փոխազդեցության կամ որևէ մեկի գերակշության հետ:, մի կիսայրած փայտ դեզից տանում էին տները և պահում էին ապահով տեղ կամ դնում էին հավերի բներում, որպեսզի հավերը Զատիկին շատ ձու ածեն կամ շուտ թուխս նստեն:Մի կտորն էլ դնում էին ամբարի մեջ, որպեսզի հացը առատ լինի:
Տեառնընդառաջի խարույկի մոխիրը
Մեծ կարևորություն ուներ նաև տեառնընդառաջի խարույկի մոխիրը: Այդ մոխիրը, ըստ պատկերացումների, օժտված էր ուժով և առատացնող զորությամբ: Այն լուծում էին ջրում և խմեցնում էին հիվանդներին, քսում էին երեխաների վզին և դեմքին, մոխիրը աղի հետ խառնելով տալիս էին անասուններին, շաղ էին տալիս հավաբնում և գոմում: Իսկ աղջիկները մուրը քսում էին աչքերին, որպեսզի աչքացավից զերծ մնան: Տեառնընդառաջի հրավառությունից հետո փեսան իրավունք էր ստանում աներոջ տուն գնալու, իսկ երեխաներին եկեղեցի էին տանում, որպեսզի քահանան օրհնի: Վերադարձին մայրը երեխայի աչքը համբուրում էր և նվեր էր տալիս. նրան հետևում էին ազգականները:
Տեառնընդառաջի խոհանոց

Տրնդեզին փոխինդ ուտելը եղել է պարտադիր: Տարեկան երկու անգամ` Տեառնընդառաջին և Սուրբ Սարգսի տոնին շաղախած փոխինդ ճաշակելը ուղղակի անհրաժեշտությունն էր:
Տրնդեզի օրը, վաղ առավոտյան մեծահասակ կանայք եկեղեցուց վերադառնալուց հետո փոխինդ էին շաղախում`կաթով, ջրով, մեղրով կամ դոշաբով, պատրաստում էին փոքրիկ գլանիկներ` (դումբրուկ) ու բաժանում տնեցիներին:
Տրնդեզի օրը բոլոր տներում պարտադիր պատրաստում էին հացահատիկներից բաղկացած կերակրատեսակներ` խաշիլ, փոխինդ, աղանձ:
Այդ օրը ընդունված էր ուտել նաև չամիչ, ընկույզ, բոված սիսեռ, դդմի կորիզ:
Տանտիկինը փոխինդ էր հյուրասիրում տան անդամներին, իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:
Комментариев нет:
Отправить комментарий