Բաժիններ

четверг, 4 февраля 2016 г.

Արխաիկ դարաշրջանի Հունաստանը (Ք.Ա. VIII–VI դարեր)
Հունաստանի պատմության այս դարաշրջանը կոչվում է արխաիկ (վաղնջական), քանզի հին հույները գրեթե ոչինչ չէին հիշում Կրետեի տիրապետության մասին:
Պոլիսային կարգը
Այս դարաշրջանում հույներն սկսեցին ընթանալ իրենց ուրույն պատմական ուղիով՝ ստեղծելով ինքնիշխան քաղաք–պետություն՝ պոլիս: Այն ձևավորվեց միևնույն երկրամասի ցեղերի միավորման շնորհիվ: Պատճառը համատեղ պաշտպանության ու կառավարման անհրաժեշտությունն էր: Միավորման հիմքը ընդհանուր բարբառը,
աստվածների ու նախնիների պաշտամունքը, սովորույթներն էին: Երկրամասերի կենտրոնական բնակավայրերը՝ Մեգարան, Կորնթոսը, Աթենքը, վերածվեցին խոշոր պոլիսների:
Դրանցում սկսեցին բուռն զարգացում ապրել գյուղատնտեսությունը, արհեստները, առևտուրը, ծովագնացությունը: Ժողովրդի՝ դեմոսի ճնշող մեծամասնությունը ազատ երկրագործներ էին: Շուկայական գների տատանումնե րի պատճառով ոմանք հարստանում էին, ոմանք, ընդհակառակը, կորցնում էին ունեցվածքը: Վերջիններիս թիվն անհամեմատ շատ էր:
Դրությունը շտկելու նպատակով նրանք փողի դիմաց գրավ էին դնում իրենց հողակտորը և դառնում հողազուրկ երկրագործներ: Հողը կորցնելուց հետո նրանք երբեմն գրավ էին դնում իրենց և ընտանիքի անդամներին: Պարտքը չվճարելու դեպքում նրանք դառնում էին պարտային ստրուկներ:
Հակառակ դրան՝ ձևավորվել էր ավագանու մի նեղ վերնախավ, որն ուներ և՛ հող, և՛ հարստություն, և՛ հասարակական բարձր դիրք: 
 
Տիրանիան. ճանապարհ դեպի ժողովրդավարություն
 
Արխաիկ դարաշրջանի սկզբում զարգացած պոլիսներում ավագանու (էվպատրիդներ) վերնախավն իր ձեռքն առավ իշխանությունը: Բոլոր կարևոր որոշումներն ընդունում էր նրանց խորհուրդը: Նրանց էր պատկանում կառավարությունը և դատարանը: Կառավարման այս եղանակը կոչվում է խմբիշխանություն (օլիգարխիա):
Այդ կառավարման նկատմամբ ընդդիմադիր ուժը դեմոսն էր: Ընդդիմադիրներին միավորում էր իրավունքներից զուրկ լինելը և պետության կառավարման գործին մասնակցություն չունենալը:
Ք.ա. VII դարի սկզբից հունական զարգացած պոլիսները դարձան դեմոսի և էվպատրիդների պայքարի թատերաբեմ: Ի վերջո դեմոսը հաղթեց: Ուղի հարթվեց դեպի կառավարման նոր համակարգ՝ ժողովրդավարություն (դեմոկրատիա):
Իշխանությունն անցավ դեմոսի առաջնորդներին: Նրանց անվանում էին տիրաններ, իսկ կառավարման ձևը՝ տիրանիա: Նախապես այդ բառը չէր նշանակում «բռնապետ» և չուներ բացասական իմաստ:
Տիրանները վերացնում էին պարտային ստրկությունը, էվպատրիդների հաշվին հող տալիս ունեզուրկ գյուղացիներին: Ստեղծում էին գրավոր օրենքներ, որոնց առջև բոլոր քաղաքացիները հավասար էին: Նպաստում էին արհեստներին, առևտրին, ծովագնացությանը, նպաստում արվեստի ու գիտության զարգացմանը:
Սակայն տիրանները ժամանակի ընթացքում սկսեցին չարաշահել իշխանությունը և իրենց վեր դասել օրենքներից: Տիրանիան վերածվեց խոչընդոտի, և դեմոսը իր պայքարն ուղղեց տիրանների դեմ: Ք.ա. VI դ. երկրորդ կեսին տիրանիայի դարաշրջանն ավարտվեց: Դեմոսն իր ամբողջ ուժն ուղղեց ժողովրդավարություն հաստատելու նպատակի իրականացմանը:
 
Հունական մեծ գաղութացումը
 
Ք.ա. VIII–VI դարերը նշանավորվեցին հունական մեծ գաղութացմամբ: Դրա հիմնական պատճառները տնտեսական էին՝ հացահատիկի պակասը, օգտակար հանածոների ու հումքի կարիքը: Բացի այդ, պոլիսների ներսում պայքար էր ընթանում էվպատրիդների, իսկ ապա՝ տիրանների դեմ: Պարտված կողմը լքում էր հայրենիքը և օտար ափերում հիմնում նոր բնակավայր՝ գաղութ:
Հույները նախ յուրացրին Հարավային Իտալիան՝ հիմնելով շատ գաղութներ՝ պոլիսների ձևով: Դրանից հետո գաղութացման ալիքը տարածվեց Սցիլիայում, Հարավային Ֆրանսիայում և Իսպանիայում: Սև ծովի ափերին նույնպես հիմնվեցին բազմաթիվ հունական պոլիսներ:
Գաղութների մի մասն ինքնիշխան էր, իսկ մյուս մասը ենթակա էր մայր պոլիսին: Նրանց միջև հաստատվում էին փոխշահավետ տնտեսական ու քաղաքական հարաբերություններ:

Комментариев нет:

Отправить комментарий