Բաժիններ

понедельник, 9 октября 2017 г.

Գեղձերը մարդու և կենդանիների օրգաններ են, որոնք մշակում ու արտազատում են օրգանիզմի կենսագործունեությանը մասնակցող յուրահատուկ նյութեր: Որոշ գեղձեր (թքագեղձեր, կաթնագեղձեր և այլն) ունեն արտատար ծորան և կոչվում են արտազատիչ կամ արտածոր, իսկ արտադրած նյութը՝ արտազատուկ (սեկրետ): Մյուս ներզատիչ գեղձերը ծորան չունեն, և նրանց արտադրած հորմոնը՝ ներզատուկը (ինկրետ), անմիջապես անցնում է արյան կամ ավշի մեջ, տարածվում օրգանիզմում: Կան նաև խառը (օրինակ՝ ենթաստամոքսային, սեռական) գեղձեր, որոնք ունեն թե՜ արտազատիչ, թե՜ ներզատիչ բջիջներ: Որոշ խտացնող գեղձեր ընտրողաբար կլանում են արյան մեջ գտնվող նյութափոխանակության վերջնական արգասիքները, խտացնում են դրանք և արտազատում՝ կանխելով օրգանիզմի ինքնաթունավորումը: Կան սպիտակուցային կամ շճային գեղձեր (հարականջային, ենթաստամոքսային), որոնց արտազատուկներն ունեն սպիտակուցային բնույթ: Լորձային գեղձերը (կերակրափողի կամ արգանդի) արտադրում են գլիկոպրոտեիդների շարքին պատկանող մուցին և մուկոիդներ: Հետերոկրին գեղձերը միաժամանակ արտադրում են և՜ սպիտակուցային, և՜ լորձային արտազատուկ: Ճարպային, մասամբ կաթնային գեղձերի արտազատուկները բնույթով ճարպանման են: Բազմաբջիջ գեղձերի անատոմիաֆիզիոլոգիական միավորը՝ ադենոմերը, կազմված է խոռոչից և ծորանից: Ըստ ադենոմերի ձևի (երկարավուն կամ կլորավուն)՝ գեղձերը լինում են խողովակաձև և բշտիկաձև (ալվեոլային): Գնդաձև ադենոմերներին երբեմն անվանում են ացինուսներ: Ստամոքսաելքի, ստամոքսի հատակի, արգանդի գեղձերը կազմված են 1 ադենոմերից ու չճյուղավորված արտատար ծորանից և կոչվում են պարզ (խողովակաձև կամ բշտիկաձև): Բարդ գեղձերը կազմված են մեծ քանակությամբ ադենոմերներից, որոնց ծորանները, միանալով, կազմում են ընդհանուր արտատար ծորան: Ըստ ադենոմերի ձևի՝ բարդ գեղձերը լինում են խողովակաձև (օրինակ՝ ենթալեզվային թքագեղձը), բշտիկաձև (ենթաստամոքսային, հարականջային) և բշտիկախողովակային (ենթածնոտային թքագեղձ): Երբեմն խողովակաձև ադենոմերները, ճյուղավորվելով, միանում են միմյանց, և գեղձերը դառնում են բարդ ցանցաձև (լյարդ, մակուղեղի առաջային բիլթ և այլն): Գեղձերը ենթակա են հիվանդությունների (զարգացման արատներ, բորբոքումներ, չարորակ ուռուցքներ, ֆունկցիայի նվազում կամ ուժեղացում), որոնք հանգեցնում են օրգանիզմի կենսագործունեության լուրջ խանգարումների: 
Օրինակ` ենթաստամոքսային գեղձի լանգերհանսյան կղզյակների թերֆունկցիան առաջացնում է շաքարախտ, ստորին մակուղեղում (հիպոֆիզ) աճման հորմոնի անբավարար արտադրության դեպքում առաջանում է գաճաճություն, ավելցուկի դեպքում՝ գիգանտիզմ և այլն: 

Комментариев нет:

Отправить комментарий