четверг, 4 февраля 2016 г.

Հին Հունաստանի պատմության արշալույսը
Հին հույներն իրենց պատմությունը կերտել են Բալկանյան թերակղզու հարավում և Էգեյան ծովի ավազանում՝ Հունաստան, Էգեյան կղզիներ, Փոքր Ասիայի առափնյա շրջաններ:
Երկիրը և ազգաբնակչությունը
Հունաստանը լեռներով կտրտված՝ ոչ մեծ երկրամասերով տարածք է, որոնցում չկան խոշոր գետեր, արգավանդ դաշտավայրեր ու անտառներ: Ուստի գյուղատնտեսության զարգացման համար անհրաժեշտ էր հողի պարարտացում և ոռոգում: Հունաստանին միշտ պակասել է հացահատիկը, որը ներկրվել է այլ երկրներից: Արոտավայրերի սակավության պատճառով մարդիկ պահում էին հիմնականում մանր եղջերավոր անասուններ՝ այծ, ոչխար: Երկիրը հարուստ էր օգտակար հանածոներով՝ երկաթ, պղինձ, անագ, ոսկի, արծաթ, մարմար, կավ և այլն: Դրանք նպաստավոր պայմաններ էին ստեղծում արհեստագործության համար: Կտրտված ծովափերին նավահանգիստների համար կային բազմաթիվ հարմար ծովածոցեր: Ժամանակի ընթացքում հույները դարձան հմուտ նավագնացներ և հասան Միջերկրական ու Սև ծովերի հեռավոր ափերը: Հույներն այդ բնական միջավայր էին ներգաղթել առանձին ցեղախմբերով Բալկանյան թերակղզու հյուսիսից, որոնք հաստատվել էին երկրի տարբեր հատվածներում: Այդ ցեղախմբերն էին աքայացիները, դորիացիները, հոնիացիները: Երբեմն նրանք պատերազմում էին միմյանց դեմ, սակայն օտարների դեմ պայքարելիս, որոնց անվանում էին բարբարոսներ, միավորվում էին: 
 
Կրետեի տիրապետության դարաշրջանը (Ք.ա. 3000–1100–ական թթ.)
 
Կրետե կղզին Էգեյան ծովի հարավում է: Այստեղ բնակվող ցեղերը զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հետագայում զարգացան արհեստները՝ մետաղաձուլություն, կավագործություն, կաշեգործություն, փայտամշակություն և այլն: Համատեղ աշխատանքի և պաշտպանության նպա տա կով գյու ղա կան համայնք ները սկսեցին միավորվել ամրոց–պալատների շուրջը: Այդ պալատներում ապրում էին տեղական արքայիկները: Կրետեում կային տասնյակ պալատական նման կենտրոններ: Ք.ա. III հազարամյակի վերջին դրանք միավորվեցին միասնական պետության մեջ: Դրա մայրաքաղաքը Կնոսոսն էր:
Ք.ա. XVII–XV դարերում Կրետեի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին: Նա իր տիրապետությունը տարածեց Էգեյան կղզիների և Բալկանյան Հունաստանի վրա: Այդ տերությունն անվանվել է նաև Կրետեի ծովապետություն: Սակայն Կրետեի հզորությունը փլուզվեց Ք.ա. XV դարի կեսերին: Պատճառը բնական աղետն էր. Էգեյան ծովի հարավում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Շուտով Կրետեներ թափանցեցին հունական աքայական ցեղերը: Նրանք ժառանգեցին տեղական մշակույթը, կրոնը և պետական կառավարման կարգը: Սակայն չկարողացան դիմակայել Ք.ա. XII դարի կեսերին սկսված հունական այլ ցեղի՝ դորիացիների ավերիչ արշավանքներին: Դրանց հետևանքով Կրետեի տերությունը հեռացավ պատմության ասպարեզից: Մարդկությունը ժառանգել է Կրետեի մշակութային նվաճումները՝ շինարարական արվեստը, կրոնը, գիր ու գրականությունը, գիտական միտքը:
 
Հոմերոսյան դարաշրջանի Հունաստանը (Ք.ա. XII–IX դարեր)
 
Դարաշրջանն այսպես են անվանում, քանի որ ուսումնասիրության հիմնական սկզբնաղբյուրները Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներն են: Այս դարաշրջանի Հունաստանում տիրապետող էր տոհմացեղային հասարակությունը: Դորիացիներն ապրում էին տոհմացեղային կենցաղով: Երբ նրանք, Բալկանների հյուսիսից շարժվելով հարավ, ավերեցին ու թալանեցին Կրետեի պալատական համալիրները, Հունաստանը հետադիմեց. անկում ապրեցին արհեստներն ու առևտուրը: Հաճախակի դարձան ավերիչ պատերազմնե րը: Զորեղ պետական միավորումներին փոխարինեցին առանձին ցեղերն ու ցեղային միավորումները: Հոմերոսյան հասարակության հիմնական խավը ազատ գյուղացիներն էին: Նրանք անձնապես ազատ էին, ունեին հողի իրենց մասնաբաժինը, վարում էին սեփական տնտեսությունը և միաժամանակ զինվոր էին: Ավագանին բաղկացած էր նշանավոր տոհմերի ներկայացուցիչներից: Օգտագործելով իրենց հեղինակությունն ու ազդեցությունը՝ ավագանու անդամներն արդեն հասցրել էին ձեռք բերել հողի մեծ մասնաբաժիններ և հարստություն: Ունեին ստրուկներ, որոնք ռազմագերիներ էին: Ցեղերի և ցեղախմբերի գլուխ կանգնած էր արքայիկը (բասի լևս), որը նաև զորքի հրամանատարն էր: Նրա իշխանությունը բացարձակ չէր, այլ սահմանափակված էր ավագանու խորհրդով: Այդ խորհուրդը որոշումներ էր կայացնում բոլոր կարևոր հարցերի կապակցությամբ: Հաճախ հրավիրվում էր աշխարհաժողով (ագորա): Դրան մասնակցում էին բոլոր չափահաս տղամարդիկ: Հոմերոսյան դարաշրջանի վերջում տոհմացեղային կարգերը սկսեցին քայքայվել:

Комментариев нет:

Отправить комментарий