Ամեն ինչ սկսվեց մկներից, ավելի շուտ` նրանց կերակրումից: Անցյալ դարասկզբին գիտնականները նկատել էին, որ լաբորատոր պայմաններում կազեինով և ածխաջրով հագեցած հատուկ խառնուրդով կերակրվող երիտասարդ մկների ու առնետների աճը կանգնում է, արդյունքում ձեռք են բերում նաև աչքի հիվանդություններ: Եվ հակառակը. ձողաձկան յուղով, ձվի դեղնուցով և սերուցքային կարագով հագեցած կերակուրը ակնհայտորեն բարելավում էր նրանց վիճակը: Սերուցքային կարագի և ձկան յուղի նման հատկությունն ապահովող«ակտիվ բաղադրությունը» սկզբնական շըրջանում անվանեցին «ճարպերում լուծվող A գործոն»: Հետագայում այն վերանվանվեց վիտամին A:
Անհրաժեշտ է լիարժեք տեսողության և օրգանիզմի բնականոն աճի համար: A վիտամինի անբավարարության հիմնական հատկանիշը լուսավախությունն է, գիշերային կուրությունը (հավկուրություն): A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքներում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, պանրում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքներում պարունակվում է նախավիտամինների՝ գունանյութերի (պիգմենտներ), կարոտինոիդների ձևով, որոնցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:
Комментариев нет:
Отправить комментарий