вторник, 24 ноября 2015 г.

Մուշեղ Գալշոյան. Էս հին ու նոր օրեր…



скачанные файлы (1)
-Պապի’ նոր տարին շնորհավո’ր:
-Պապի…
Քույրերիս երեխաները տղա, աղջիկ, մեծ, փոքր, լվացված-սանրված, թաց մազերով ներս են խուժում ,շրջապատում հորս:
Հայրս նստած է վառարանի մոտ, թևերը ծնկերին ծալած և իննսուն տարիների հեռվից մշուշոտ հայացքով նայում է պատուհանից դուրս: Մեր պատուհաները բացվում են դեպի հարավ, հայրս այդ մեկը հաստատ գիտի, ավելի ճիշտ գիտեր: Հիմա,այս պահին, ես վստահ չեմ, թէ հայրս հիշում է ուրտեղ է գտնվում ինքը, որ կողմն է նայում և ովքեր են դիպչում ծնկներին, հանգչող իր աջին :
Երեխաները հերթով բռնում են հորս աջը:
-Քո նոր տարին շնորհավոր, պապ, գոռում է Արտաշը:
-Աշո’տ, -ձայն է տալիս հայրս, – դո՞ւ ես :
-Հա,պապ, -առաջ է գալիս Աշոտը,- նոր տարիտ շնորհավոր:
-Աշոտ,դու հոս ինչ կանիս, գառները ո՞վ քշե:
Տարիներ առաջ, երբ կառու_ցում էինք մեր այս տունը, և հայրս պահանջեց,որ բոլոր պատուհաները բացվեն դեպի հարավ, այն ժամանակ նա իր էրկրի մասին դեռ կարգին պատմություններ էր անում տեղը-տեղին, ու նա հիշում էր նաև, որ էրկրում իրենց գառնարածը Աշոտ անունով  մի տղա էր, որ վարդավառի էն առավոտ գառների հետ բարձրացավ դեպի Սև սար և գառների հետ էլ չվերադարձավ:
-Գառներն ո՞վ է քշե ,Աշոտ, կրկնեց հայրս:
-Պապի, ինչ գառներ, գառ չունենք: Ձմեռ է, պապ, նոր տարի է, -Աշոտը գոռաց հորս  ականջին, -նոր տարի…նոր տարի…
-Հա ,պապա,նոր տարի:
-Հայլեեե, -հայրս տմբտմբացրեց գլուխը և փորձեց ավելի հարմար նստել: -Էս հին ու նոր օրեր, -երգեցիկ, օրհնանքի պես ասաց հայրս,և Աշոտն օղու բաժակը խցկեց հորս բուռը,  -էս մամռոտ օրեր…էս ո՞ր թիվն է: -Հարցրեց հայրս:
-Յոթանասունհինգ, պապ, յոթանասունհինգ:
-Յոթանասունհինգ… Մուշեղ հո՞ս է …Մուշեղ ,աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղա’ղ է, -պատասխանեցի ես, և քույրերիս երեխաները բարձրաձայնեցին
-Խաղա’ղ է ,պապի,խաղա’ղ:
-Խաղաղ ու խաղա՞ղ է…Մեր էրկրի կողմն թվանքի ձեն չի լսվի՞:
-Հայրս առավ աթոռին հենված ձեռնափայտը, փորձեց ոտքի կանգնել և զգաց ,որ մի բան խանգարում է :
-Էս ի՞նչ է, -ցույց տվեց ամուր բռնած բաժակը:
-Բաժակը է ,պապի , մեջը արաղ է: Խմի’ր : Գինի է:
-Գինի : -Հայրս կում-կում խմեց մինչև վերջ, ապա նորից թևերը ծալեց ծնկներին և, հայացքը պատուհանից դուրս, լռեց:
Քիչ հետո հարց տվեց.
-Մուշեղ, Տոնեն էս տարի արաղ շա՞տ ուներ…
Տարիներ առաջ, երբ հայրս իր էրկրի մասին կարգին պատմություններ էր անում տեղը տեղին , առիթով հիշում էր նաև, որ իր փոքր եղբարը՝ Մուշեղը,տեսար, մի քանի ոչխար քշում-իջնում էր Մշո դաշտ, տունե ի տուն և երկու-երեք օր հետո վերադառնում մի տիկ Գինի շալակած:
-Մուշեղ, -հետո ասաց հայրս, -գարնան ծովասարի արտերն ի՞նչ ցանենք: Գարի ցանե՞նք, թե՞ գլգիլ:
-ԷԷ, Օվե, -հորս համերկրացի Գրիգոր գլուխը տարավ բերեց, -Աստված քու տունը չավերի, Օվե, դու էդ ո՞ւր ես հասել: -Եվ նա մեկեն ու տաք սկսեց երգել:
-Սասնո կելներ բարակ ծուխ, Հոյ նուբար… պարեք, նժեր, -երգի հանգվույն կանչեց քեռի Գրիգորը, -Սասնո սարեր քար ու բար, Հայ նուբար…շախով պարեք, իմ խորոտիկ նժեր: -Խրախուսեց քեռի Գրիգորը: -Նախշուն գոգնոց աղջիկներ, Հոյ Նուբար, կանաչ վարոց Հոտաղներ, Հայ Նուբար, գարնան կելնեն Ծովասար, հայ Նուբար: Հայ Նուբար, Նուբար Նուբար…
-Օվե, -կանչեց հորս համերկրացին, էս ինչքան թոռ ունես…Պարեք, իմ նախշուն, իմ կապույտ նժեր, պարե’ք: Դաշտով կանցներ ջուխտակ գետ, հայ Նուբար, մեկ Մուրադ, մեկ Մեղրագետ: Հայ Նուբար, Հայ Նուբար,Նուբար,Նուբար…
Մուշեղ, – չոր ձայն տվեց հայրս, – կխաղա՞ս: Հա՞:
Կխաղա’ս, կռվարար կրկնեց հայրս: -Էսօր ապրել մեռնելու օր է, դու կերգիս ու կխաղաս:
-Ի՞նչ է, Օվե, -գոռաց հորս համերկրացին, -քու ուզածն ի՞նչ է :
-Բա է՞դ խօսք էր, Մուշեղ, կռվարար պատասխանեց հայրս, -երեկ չէ մեր խուփը ջարդավ: Մենք Գալշոյ Մանուկի տղեքն էղնինք ու մեր գութան կանգնի: Հա: Մեր գութան կանգնի: Էս գիշեր բաբոն, թե սարից իջնի, ի՞նչ պատասխան կտաս:
Պապի, հորս ականջի մոտ կանչեց Աբրահամը, -ի՞նչ գութան, ի՞նչ խուփ, Նոր տարի է, նոր տարիի…
-Նոր տարի՞:
-Հա, պապ,Նո’ր, տարի:
-Հայեեե…Հեռու -հեռվից, Ծովասարի փեշի իր արտերից դարձավ ետ եկավ հայրս : -Էս հին ու նոր օրեր..էս մամռոտ օրեր…Մուշեղ հո՞ս է:
-Հա, պապի ,էստող է:
-Մուշեղ, աշխարհք խաղա՞ղ է:
-Խաղաղ է, հայրիկ:
-Խաղաղ է, պապ, բարձ_րաձայնեցին երեխաները, Խաղաղ է…
-Խաղաղ ու խաղաղ է…Դե Աստծու բարին, ձգուկ փառք տիրոջ:

Комментариев нет:

Отправить комментарий