вторник, 15 декабря 2015 г.

  Վանի համահայկական թագավորության կազմավորումը: Սարդուրի 1-ին:
 Ք.ա. IX դ. 30-ական թվականներին Հայկական լեռնաշխարհի տարածքում հիշատակվում են տասնյակ իշխանություններ: Ուրվագծվում են մի քանի կարևոր կենտրոններ, որոնց շուրջ համամախմբված են համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները:Արարատյան դաշտում և դեպի արևմուտք` մինչև Տայք ընկած շրջաններում, Սևանա լճի ավազանում, Սյունիքում և հարակից շրջաններում տարածվում էր Էթիունյան համադաշնությունը: Վերջինիս զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Լճաշենի (Սևանա լճի արևմտյան ափին) պեղումներից հայտնաբերված բացառիկ նյութերը (զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն): Դա փաստորեն Հայկազունների Արարատյան թագավորությունն էր` իր համադաշնությամբ: Լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան շրջաններում ուրվագծվում է Դիաուխիի (Տայք) շուրջ կազմավորված մյուս համադաշնությունը: Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում` Վանի շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը: Ք.ա. IX դարի 80-70-ական թթ. Հայկական լեռնաշխարհի հարավում Նաիրյան երկրների փոխարեն հիշատակվում է մեկ միասնական Նաիրի պետական կազմավորումը: Ք.ա. մոտ 830-ական թվականներին Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքն է հիմնադրում Սարդուրի I-ը (մոտ Ք.ա. 835-825 թթ.): Ասուրերեն գրված Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն կոչում է <<Նաիրի երկրի արքա>> և ներկայանում <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա…>> տիտղոսաշարով: Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում` Նաիրի և Բիայնիլի: Վերջինս կապվում է Վանի անվան հետ, այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն: Աստվածաշնչում այն հիշատակվում է <<Արարատյան թագավորություն>> անվամբ: <<Նաիրի>>, <<Ուրարտու>>, <<Բիայնիլի>> և <<Արարատ>> անուններից բացի, թագավորությունը  երբեմն հիշատակվում է նաև <<Կուտիական երկիր>> անվանումով, ինչը գալիս է Ք.ա. XXIII-XXII դարերից և կշարունակվի նաև Հայկազուն-Երվանդականների ժամանակաշրջանում: Սարդուրի I-ը ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է մեկ անգամ` Ք.ա. 833 թվականին, Սալմանասար III-ի զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ` Տիգրիսի վերին հովտում:

Комментариев нет:

Отправить комментарий